Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի կինն ահազանգում է՝ նրա կյանքը վտանգի տակ է

Բաքվի բանտում գրեթե մեկուկես ամիս առաջ հացադուլ սկսած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը մինչ այս պահը տեղեկություն չունի նրանից, նրա առողջական վիճակից։ Վիգենի կինը՝ Լինդա Իմանը, նույնիսկ չգիտի՝ ամուսինը շարունակում է, թե դադարեցրել է հացադուլը։ Երիտասարդ կինը մտավախություն ունի, որ հացադուլի հետևանքով Վիգենի՝ առանց այդ էլ վատ առողջական վիճակը սրվել է, ու նա համարժեք բուժօգնություն չի ստանում։

«Երբ նրա հետ խոսում էի հեռախոսով, նա միայն ասաց, որ թույլ է, և արդեն 15 օր է, ինչ հաց չի ուտում։ Ասաց, որ հեռախոսը տվել են իրեն՝ մեզ հետ խոսելու համար։ Նա ասաց, որ չի հասկանում՝ ինչ է կատարվում, Կարմիր խաչը չի այցելում իրենց։ Ես կարողացա նրա հետ խոսել ընդամենը մի քանի րոպե։ Տպավորություն էր՝ կարծես ցանկանում էր լացել, քանի որ ինձ, երեխաներին շատ է կարոտում», - «Ազատությանը» պատմեց նա։

Իմանն ահազանգում է՝ Վիգենի կյանքը վտանգի տակ է։ Ամուսնու հետ 25 օր առաջ խոսելիս է իմացել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան չի այցելել գրեթե 2 ամիս։

Էուլջեքյանը գերեվարվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրից ստորագրումից ժամեր անց՝ Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած անձնական իրերը տարհանել: 4 տարի առաջ Բաքվում նրան 20 տարվա ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով վարձկանության ու ահաբեկչության համար։ Վիգենի հարազատները շարունակում են հայտարարել, որ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության և որևէ առնչություն չունի վարձկանության հետ։

«Մենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նրա հետ խոսել ենք երեք ամիս առաջ, բայց 25 օր առաջ էլ նա բանտից է խոսել ինձ հետ, երբ հացադուլի մեջ էր։ Երեկ իմացա, որ իմ ամուսինը պետք է հիվանդանոցում լիներ, ես ուղիղ զանգեցի Կարմիր խաչ, նրանք էլ զանգեցին բանտ։ Բանտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ասել են, որ ամուսինս մեջքի ցավից է տապառում, և բանտի բժիշկն է նրան տեսակցել։ Փոխանցեցին, թե նա լավ վիճակում է: Բայց ես մտահոգվում եմ, քանի որ չեմ հավատում ոչ ոքի, քանի դեռ չեմ խոսել ամուսնուս հետ։ Ես չեմ կարող ասել, որ Կարմիր խաչը ստում է, բայց ես միայն ցանկանում եմ խոսել իմ ամուսնու հետ՝ իմանալու համար նա, լավ է, թե ոչ…», - հավելեց կինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի դատարանում տեղի ունեցողը իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի. Գեղամ Ստեփանյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր «Ազատությանը» հաստատեց, որ միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները վերջին շաբաթներին չեն այցելել Էուլջեքյանին։ Միջազգային կառույցից վերջին անգամ մարտին են հաստատել, որ տեսակցել են Բաքվի բանտերում պահվող գերիներին։ Կարմիր խաչը միակ միջազգային կառույցն է, որ կարող է տեսակցել հայ գերիներին ու ապահովել ընտանիքների հետ շփումը:

Թե ինչու միջազգային կազմակերպությանը չի հաջողվում դարձյալ տեսակցել գերիներին, կոմիտեից չեն մեկնաբանում, միայն ասում են, որ նաև այդ հարցով երկխոսության մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր միջազգային այս մարդասիրական կազմակերպությունը փակելու մտադրության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիգեն Էուլջեքյանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ զանգահարել է ընտանիքին

Բաքվի բանտերում 23 հայ է պահվում: Տարեսկզբից Բաքվի ռազմական դատարանում ծանր մեղադրանքներով դատում են 16 հայերի, նրանց թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին: Մյուսների դատավճիռներն արդեն կայացված են: Գերիներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ահազանգել է իր նկատմամբ խոշտանգումների մասին: Հայաստանցի ու միջազգային իրավապաշտպանները վստահ են՝ Ադրբեջանում հնարավոր չէ արդար դատաքննություն իրականացնել էթնիկ հայերի նկատմամբ: