Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացին արտահանձնվել է ԱՄՆ նեոնացիստական «սպանության» մեղադրանքների համար


Վրաստանի քաղաքացի և ենթադրյալ նեոնացիստական խմբավորման ղեկավար Միխեիլ Չխիկվիշվիլին Մոլդովայից արտահանձնվել է ԱՄՆ: Այստեղ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդկանց է հավաքագրել Նյու Յորքում բռնի հանցագործություններ իրականացնելու նպատակով՝ ուղղված հրեաների և այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Չխիկվիշվիլին, որը հայտնի է մի շարք մականուններով, այդ թվում՝ «Հրամանատար մսագործ», մայիսի 23-ին կանգնել է Նյու Յորքի դաշնային դատարանի առջև՝ մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով։

Դատախազները նրան նկարագրել են որպես ռասիզմ քարոզող անձի, որը պլանավորել է զանգվածային սպանություններ փոքրամասնությունների համայնքներում՝ օգտագործելով թունավորում, ինքնասպանություն կատարող ահաբեկիչներ, հրազեն, հրկիզումներ և մեքենաների պայթյուններ։

21-ամյա Չխիկվիշվիլին, որը ծագումով Թբիլիսիից է և ձերբակալվել էր Մոլդովայում անցյալ տարվա հուլիսին, դատարանում փաստաբանի միջոցով հայտարարել է իր անմեղության մասին։ Փաստաբանը խնդրել է հոգեբանական փորձաքննություն անցկացնել իր հաճախորդի համար և նրան պահել ինքնասպանության կանխարգելման հատուկ ռեժիմում։

Դատախազները նշել են, որ խմբավորման գործունեությունը ոգեշնչել է մի շարք հարձակումների և սպանությունների ամբողջ աշխարհում, ներառյալ 2024թ. Նեշվիլում դպրոցական հրաձգությունը, որի հետևանքով զոհվել է 16-ամյա աշակերտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG