Մատչելիության հղումներ

Վարչական վերաքննիչը հունիսի 19-ին ի վերջո Վանաձորի ավագանու վերաբերյալ վճիռ կհրապարակի


Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Վարչական վերաքննիչ դատարանը հունիսի 19-ին ի վերջո Վանաձորի ավագանուն վերաբերող վճիռ կհրապարակի: Այդ մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Ենթադրվում է, որ դատարանը հանգուցալուծված է համարելու ավագանու գործունեության վրա դրված արգելանքի հարցը: Սա կնշանակի, որ արդեն երեքուկես տարի ձգվող դատական գործընթացներն ավարտված կհամարվեն, ու ավագանին համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն կունենա:

Դեռ անցած տարվա նոյեմբերին էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվել իր հայցից: Հենց այդ ժամանակ արդեն դատարանը պետք է փակեր դատական գործն ու հաներ ավագանու վրա դրված արգելանքը: Բայց վճիռը հետաձգելու տարբեր պատճառաբանություններով դատարանը մինչ օրս ավագանուն արգելանքի տակ է պահում:

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է՝ դատարանն այլևս հարցը հետաձգելու հիմքեր չունի: Փորձագետի հաշվարկներով՝ եթե 2021-ին ընտրված ավագանին եղած կազմով համայնքի ղեկավար չընտրի, ապա առաջիկա աշնանը ավագանու նոր, արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Քոթանջյանի դիտարկումներով՝ անգամ քաղաքական որոշ ուժեր կամ առանձին անհատներ, այդ թվում՝ համայնքի գործող ղեկավարները, արդեն տեսանելի քարոզարշավ են սկսել:

«Ստացվում է, որ հունիսի 19-ից հետո, այսինքն՝ 20-ին, երբ որ հրապարակվի դատական վճիռը, դրանից հետո առնվազն 10 օրվա մեջ Վանաձորի ավագանին պետք է նախաձեռնի անդրանիկ նիստ: 20 օրվա ընթացքում համայնքի ղեկավար չընտրելու պարագայում համայնքի ավագանին այլևս դադարում է գործունեությունը, և նշանակվում է նոր ընտրություն, որը ամենայն հավանականությամբ կլինի աշնանը: Հիմա առնվազն գոնե մի քանի կուսակցություններ, մի քանի անձինք, ովքեր հետաքրքրված են Վանաձորում իշխանություն վերցնելով, բավականին ակտիվ սկսել են քաղաքական գործունեություն և քաղաքական քարոզչություն», - «Ազատությանը» ասաց Քոթանջյանը:

Արդյոք Վանաձորում իսկապես քարոզարշավ սկսվել է, ու քաղաքական ուժերը վստահ են, որ առաջիկայում համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն, կամ արտահերթի կգնան: Ավագանու ամենամեծ խմբակցության անդամ, երկուսուկես տարի կալանավայրում անցկացրած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր չպատասխանեց «Ազատության» զանգերին, ավելի վաղ ասել էր՝ վստահություն չունի դատական ատյանների նկատմամբ, ու իրենք որևէ քաղաքական քայլ չեն ձեռնարկում, քանի դեռ դատարանը վերջնական որոշում չունի:

Հիշեցնենք՝ այս տարեսկզբին դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր է ճանաչել իր պաշտոնավարման տարիներին կատարած կոռուպցիոն հանցանքների համար: Այժմ Ասլանյանը բողոքարկել է դատավճիռը, բայց եթե վերին ատյաններն անփոփոխ թողնեն Հակակոռուպցիոնի դատավճիռը, նախկին քաղաքապետը, որ ամենաշատ թվով ձայներն էր ստացել, երեք տարի որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունք չի ունենա:

Վանաձորի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն այսօր հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող «Ազատության» հարցին՝ պատճառաբանելով, թե աշխատանքի է, չի կարող խոսել:

Այս պահին պարզ չէ՝ իշխանության թեկնածուն դեռ երեք տարի առաջ վարչապետի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյա՞նը կլինի, թե՞ ոչ: Նա ևս մշտապես պատճառաբանում է, թե իրավական գործընթացներ են գնում, ու այս մասին չի խոսում:

Իսկ ավագանիում փոքր՝ ընդամենը երկու անդամ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանն ասում է՝ անգամ այս դեպքում, երբ Datalex-ում նշված է, որ 25 օրից Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրություններ կարող են նշմարվել, համոզված չէ, որ դատարանն ավագանուն համայնքապետ ընտրելու հնարավորություն կտա. - «Կլինի, թե չի լինի, ես, ճիշտն ասած, խիստ կասկածում եմ»:

Թե ինչ տեսք կունենա Վանաձորում քաղաքական այս խայտաբղետ իրավիճակը, պարզ չէ: Քաղաքական ուժերը թեև կուլիսներում արդեն քննարկումներ են անում, բայց բացահայտ որևէ մեկը հայտարարություն չի անում, քանի դեռ նոր ընտրությունների մասին պաշտոնական որոշում չկա, արդեն երեքուկես տարի Վանաձորում ընտրովի քաղաքապետ ունենալու անհույս սպասում է:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG