Մատչելիության հղումներ

3-6 տարի՝ զորակոչից, 1-3 տարի՝ վարժական հավաքներից խուսափելու համար. Կառավարությունն առաջարկում է խստացնել պատժաչափերը


Հայաստանի ԶՈՒ նորակոչիկներ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ նորակոչիկներ, արխիվ

Պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափողների թիվը աճել է, ինչի պատճառով էլ Կառավարությունն առաջարկում է խստացնել Քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերը:

«Ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:

Փոխնախարարը թվեր ներկայացրեց՝ նշելով, որ եթե 2023-ին զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերով նախաձեռնվել էր շուրջ 1500 քրեական վարույթ, ապա 2024-ին այդ թիվն աճել է՝ հասնելով շուրջ 1800-ի:

«Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին», - ասաց Քոչարյանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կառավարությունը նոր նախագծով առաջարկում է Քրեական օրենսգրքով զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի ազատազրկման ժամկետը դարձնել 3-ից 6 տարի: Վարժական հավաքներից խուսափելու դեպքում էլ գործող առավելագույն 20-ապատիկ տուգանքը դարձնել 30-ապատիկ, իսկ ազատազրկման մինչ 2 տարի ժամկետը՝ 1-ից 3 տարի:

«Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող են որոշակիորեն նպաստել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը, հարգելի գործընկերներ, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին», - հայտարարեց փոխնախարարը:

Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր պատգամավորները, սակայն, նշում էին, որ կոնկրետ վարժական հավաքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս՝ կա՛մ ծանուցման համակարգը պատշաճ չի գործում, կա՛մ անձը, որը երկրից բացակայում է, ժամանակին տեղյակ չլինելով, որ պետք է վարժական հավաքների մասնակցի, հայտնվում է հետախուզման մեջ:

«Հեռախոսով փորձեք azdarar.am մտնել և չգտնել որևէ 25-օրյա վարժական հավաքի մասին ծանուցում: Համակարգը չի աշխատում», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Պատասխանատվության անձը կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ որ ծանուցված է: Այսինքն՝ եթե ծանուցված չէ, հարցը նրանում չի՝ ինքը էդ azdarar.am-ում ծանուցումը տեսել է, թե ոչ, հարցը նրանում է, որ եթե օրենքի իմաստով համարվում է ծանուցված, ուրեմն ծանուցված է», - արձագանքեց Գևորգ Քոչարյանը:

«Ծանուցման գաղափարը ինքը լավ գաղափար է, բայց ավելի ճիշտ կլինի նախապատրաստել այդ աշխատանքը: Այսինքն՝ քաղաքացին, որ իր կյանքը պետք է կանոնակարգի, գիտի, որ 26 թվականին գնալու է էսինչ երկիր, էսինչ տեղ, էս երեք ամիսը աշխատի կամ ինչ-որ մի խնդիր լուծի, սովորի, և էդ մարդուն տանը տեղեկացնում են, վարչական ղեկավարն ասում է՝ «դու վաղը չէ մյուս օրվանից պիտի գնաս հավաքի», է, ծնողները սկի չեն կարողանում կապվել էդ տղայի հետ, հետախուզում են հայտարարում՝ էդ մարդու ծրագրերը խառնելով: Ինչքանո՞վ է դա ճիշտ», - հարցրեց իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Եթե անձը ծանուցված չի, էլի նույն բանին պետք է գանք, ինքը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել: Այո, հնարավոր է հետախուզում հայտարարվի և այլն, բայց երբ որ անձի մեղավորությունը, դիտավորությունը կհերքվի, բնականաբար էդ քրեական վարույթը կկարճվի», - վստահեցրեց փոխնախարարը:

Բագրատյանը տարակուսած էր՝ եթե քաղաքացին խուսափում է վարժական հավաքից, օրենքի խստացումը՝ 2-ից դարձնելով 1-3 տարի, ինչպե՞ս է ստիպելու քաղաքացուն փոխել իր որոշումը. - «Ինչո՞վ ենք մենք դրանով բան փոխում»:

«Սա ընդամենը բաղադրիչներից մեկն է, որով պետությունը իր քաղաքական կամքն է ցույց տալիս, որ էս արատավոր երևույթների նկատմամբ պետությունը առավել խիստ մոտեցում է էս պահից փորձում որդեգրել: Բնականաբար, սրանով չենք ակնկալում, որ բոլոր այս դեպքերը վերանալու են, կամ դրանց գոնե առնվազն մեծ մասը վերանալու է, սակայն սա որոշակի ազդեցություն կունենա, և ամենակարևորը՝ որ սա պետության մեսիջն է», - պատասխանեց Քոչարյանը:

Ի դեպ, արդարադատության փոխնախարարը նշեց, որ աճել են ոչ միայն պարտադիր զորակոչից ու վարժական հավաքներից խուսափելու գործերով քրեական վարույթները, այլև դատավճիռները: Մասնավորապես, եթե 2023-ին պարտադիր զորակոչից խուսափելու համար կայացվել է 7 դատավճիռ, ապա 2024-ին՝ 32: Եթե 2023-ին վարժական հավաքներից խուսափելու համար կայացվել է 15 դատավճիռ, ապա 2024-ին՝ արդեն 70 դատավաճիռ:

Զորակոչից ու վարժական հավաքներից խուսափելու պատժաչափի խստացման շուրջ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումն այսօր խորհրդարանում ավարտվեց, ամենայն հավանականությամբ այն քվեարկության կդրվի այս քառօրյային:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG