Մատչելիության հղումներ

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից երկու կողմն էլ դժգոհ է


Վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից երեք տարի առաջ մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական երեկվա նիստից երկու կողմերն էլ դժգոհ են: Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասում է՝ նիստերը ձգձգվում են, որովհետև վարորդ Նավասարդյանի փաստաբանն անընդմեջ նոր միջնորդություններ է ներկայացնում: Գործով միակ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ հակադարձում է՝ միջնորդություններ ներկայացնելու է այնքան, որքան հարկն է:

«Թողե՞նք՝ անմեղ մարդը դատապարտվի», - ասաց նա:

Վարորդ մայոր Արամ Նավասարդյանը, չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել ու տեղում մահացել:

Նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը հերթական միջնորդությունն էր ներկայացրել, այս անգամ ոչ թե տեխնիակակն փորձաքննության, այլ՝ տեսաձայնագրային: Դատարանը նրա այս միջնորդությունն էլ է մերժել: Բալոյանն ասում է՝ փորձագետը երկու կադր է ուսումնասիրել ու եզրակացրել, որ իր պաշտպանյալը գերազանցել է արագությունը, մինչդեռ ինքը դատարանում հակադարձել է՝ 3-րդ կադրը «դիտավորյալ թաքցրել եք», որովհետև այդ 3-րդով հաշվելիս, ըստ նրա, Նավասարդյանը չի գերազանցել արագությունը:

«Կեղծ եզրակացություն է, 3-ը բաժանում ենք 2-ի, ստանում ենք 1.5 վայրկյան, 108 կմ/ժամը այս հաշվարկի դեպքում դառնում է 72 կմ/ժամ: Իրենց մեղադրանքը գերազանցված արագությամբ մեքենա վարելն է», - ասաց փաստաբանը:

Եթե մինչև վարչապետի ավտոշարասյան անցնելը խաչմերուկը պատշաճ փակ լիներ, Սոնա Մնացականյանն այդ վտանգավոր գոտում չէր էլ կարող հայտնվել: Արդեն 3 տարի շարունակ նաև սա են պնդում հղի կնոջ հարազատները: Նրանց փաստաբանն արդեն մի քանի անգամ իրավապահներից պահանջել է, որ շարասյան ղեկավար կազմին էլ պատասխանատվության կանչեն, որ հասկանան՝ ով ու ինչպես է խաչմերուկը փակելու հրահանգներ տվել, ինչ են քննարկել ռադիոկապով և այլն: Բայց փաստաբանն ասում է՝ դատախազությունը շարունակ մերժում է քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ իրենց պահանջները, տուժող կողմն այդ որոշումները դեռ բողոքարկում է:

Բալոյանն արդեն 3 տարի կրկնում է՝ Սոնա Մնացականյանը չի ենթարկվել ճանապարհը կարգավորող տեսուչի հրահանգին:

«Ազատության» հետ զրույցում Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Բալոյանի խոսքերը փաստաբանական մարտավարություն է որակում ու ընդգծում՝ դա չի նշանակում, որ վարորդն անմեղ է. «Երևան քաղաքում ... է իշխում ավտովթարների գործով, եթե չեմ սխալվում, 90 տոկոսին Բալոյանն է մասնակցում, և 90 տոկոսով էլ, որպես պաշտպան, բնականաբար ասում է, որ անմեղ է»:

Րաֆֆի Ասլանյանը հիշեցնում է՝ կառավարության որոշմամբ սահմանված էր, որ շարասյան վարորդների արագության համար անձնական պատասխանատվություն էին կրում շարասյան ղեկավարները: Սոնա Մնացականյանի ողբերգական մահից հետո, ասաց, այդ որոշումը փոխվել է, հիմա արդեն արագության համար պատասխանատու են վարորդները, ոչ թե շարասյան ղեկավարները:

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիրների հարցերին՝ պնդել էր. «Դուք ունե՞ք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, կամ տուժող կողմն ունի՞ հիմք: Բացառված է»:

Սոնա Մնացականյանի հայրը երրորդ անգամ է սրտի վիրահատություն տարել՝ երրորդ ստենտն է տեղադրվել: Իսկ հորեղբայրը նիստերից մեկի օրը դատարանում սրտամկանի ինֆարկտ էր ստացել: Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տարիներ ձգձգվող այս դատական գործը ստիպել է իրենց եզրահանգումներ անել, որ պայքարում են պետական ապարատի դեմ:

Այս գործով վաղեմության ժամկետը 5 տարի է, 3-ն արդեն անցել է, Սոնա Մնացականյանի հարազատները կարծում են, որ միտումնավոր են նիստերը ձգձգվում, որպեսզի 2 տարին էլ անցնի, ու վարորդը պատասխանատվության չենթարկվի: Բալոյանն այս կարծիքը չի կիսում:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից երկու կողմն էլ դժգոհ է
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG