Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր զինվորական ծառայության նախագիծը, հետաձգվեց


Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու աղմուկ հանած օրինագիծը, այսօր չեղարկվեց: Թե ինչո՞ւ չեղարկվեց նիստը, հակասական պատճառներ բերվեցին:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն հենց նիստի ժամանակ ասաց՝ դեռ հարցեր կան. - «Պատճառը կայանում է նրանում, որ հրատապ քննարկման հարցեր կան»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վստահ է՝ այսօրվա նիստը չեղարկվեց, քանի որ իշխող խմբակցությունից բացակա պատգամավորներ կային և հանձնաժողովում հաստատելու համար «Քաղաքացիական պայմանագիրը» չուներ բավարար ձայներ:

«Այն ներկայությունը, որ կար հանձնաժողովում, օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք չէր ստանալու, որովհետև ընդդիմության 4 ներկայացուցիչները բոլոր ներկա էին, ու դրա համար շատ անակնկալ վիճակում, ենթադրում եմ, որ հետաձգեցին»:

Արմեն Խաչատրյանը, սակայն, հակադարձում է՝ պատճառն այլ է՝ ևս մեկ անգամ պիտի նախագիծը քննարկեն, ապա դարձյալ նիստ հրավիրեն:

Բայց ուշագրավ է, որ նախագծի հեղինակ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ նիստի չեղարկման պատճառը համարեց իր թիմակիցների բացակայությունը. - «Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգաավորներ չկարողացան ներկա գտնվել նիստին, դրանով պայմանավորված նիստը հետաձգեցինք»:

Սարգսյանն ասում է՝ այս շաբաթ արդեն նորից կհավաքվեն ու հավանություն կտան իր հեղինակած նախագծին, որով առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայություն սահմանել գումարի դիմաց, 18 միլիոն դրամ վճարելու դեպքում զինծառայությունը կսահմանափակվի 4 ամսով, 24 միլիոնի դեպքում՝ միայն մեկ ամսով:

Սարգսյանի առաջարկած ու կառավարության հավանության արժանացրած նախագծով կա նաև մի կետ նախազորակոչային տարիքի տղաների վերաբերյալ. մինչև 16 տարեկան տղաները պետությանը մեխանիկորեն 15 միլիոն դրամի պարտք կունենան, որը կզրոյացվի, երբ նրանք կհաշվառվեն զինծառայության համար կամ կվճարեն այդ գումարն ու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից:

Հայկ Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ ցանկանում են նախագիծը հնարավորինս արագ օրենք դարձնել՝ մինչև ամառային զորակոչը, քանի որ նախաձեռնությունը փաստացի ազդել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ծրագրեր ունեցողների վրա՝ արագացնելով դիմումները:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանը, սակայն, կասկածում է, որ օրենքը եթե անգամ ընդունվի, կսկսի այդքան շուտ գործել: Նախ ասում է՝ ըստ նախագծի սահմանափակ թվով զորակոչիկներ կկարողանան գումարով ավելի կարճ ծառայել, բայց թե ինչպես են այդ զորակոչիկներն ընտրվելու, կառավարությունը դա էլ չի պատկերացնում:

Բացի այդ ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ իրենք պատրաստվում են Սահմանադրական դատարան դիմել, քանի որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը:

«Հայաստանի Հանրապետությունում, շեշտվում է, բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ սոցիալական, սեռային ռասայական և այլ պատկանելությունից, իսկ օրենքի նախագծով հարուստ մարդը կարող է բանակում չծառայել, Սահմանադրությամբ հայրենիքի նկատմամբ պարտքը չկատարել, ոչ հարուստ մարդը պարտավոր է գնալ ծառայել», - նշեց Մանուկյանը:

Արմեն Խաչատրյանը, սակայն, ասաց՝ չնայած հնչող քննադատությանը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մտահոգություն հայտնող հայտարարությանը, իրենք օրինագիծը շրջանառությունից չեն հանելու, կարծում են՝ հավաքվելիք գումարով կլուծեն պայմանագրային զինծառայողներին վճարելու հարցը, բացի այդ գումարով քիչ ծառայողները պահեստազորում կհաշվառվեն ու անհրաժեշտության դեպքում կհամալրեն բանակի շարքերը:

Չնայած քննադատությանը՝ Հայկ Սարգսյանն ընդհանրապես համաձայն չէ, որ նախագիծը բացասական է ընդունվել. - «Ես չեմ ընդունում, որ բուռն քննադատություններ կան, օրենքի նախագիծը ոչ միայն պետք է ընդունվի, այլ ուշացած է: Շատ լավ կլիներ, եթե մենք այն ընդունած լինեինք տարիներ առաջ»:

Սա առաջին անգամը չէ, որ նման նախաձեռնություն է առաջ քաշվում, Հայկ Սարգսյանը նաև 2019-ին էր առաջարկել՝ 10 միլիոն դրամ վճարել և մեկ ամսի ծառայել, բայց այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը սկզբունքորեն դեմ էր: 2022 թվականին, սակայն, հենց Պաշտպանության նախարարությունն էր առաջարկել 24 միլիոն դրամ վճարել և 4,5 ամիս ծառայել, այդ ժամանակ էլ նախատեսվում էր, որ վճարված գումարը պետք է գնար պայմանագրային զինծառայողներին վճարելուն, սակայն սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո բանակում չծառայելու համար գումար վճարելու կետերը նախագծից հանվեցին, մնաց միայն պայմանագրային ծառայության անցնելու ծրագիրը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG