Իրավական հիմք չկա, միայն քաղաքական շարժառիթներ են. Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ծավալուն մեղադրանքից 230 էջին ծանոթանալուց հետո հայտարարում է Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Ըստ էության, էթնիկ հայ լինելն ու սեփական հայրենիքում ինքնորոշմանն ուղղված գործունեություն իրականացնելն է, որ դիտվել է որպես հանցագործությունում: Այդ առումով բացի այն, որ մեղադրական եզրակացությունն անհիմն է, այն չունի փաստական և իրավական հիմքեր, այն կարող է կիրառելի լինել յուրաքանչյուր էթնիկ հայի նկատմամբ», - ասաց Սահակյանը:
Իրավապաշտպանը մեղադրանքից մի քանի այլ դրվագներ է առանձնացնում՝ 150 հազար բնակիչ ունեցող Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն այստեղ որակված է որպես հանցավոր կազմակերպություն, ինքնորոշման իրավունքի համար պայքարը ատելության հրահրում են անվանում, իսկ 2023-ին ընդամենը 3.5 ամիս պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար: Արցախի նախկին պետնախարարը մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու համար, այնինչ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ էր նախատեսված: Բաքվի իրավապահները հանցավոր կառույց են հռչակում նաև մարդասիրական «Ավրորան»:
Շատ հայտնի մարդասիրական այս նախաձեռնությունը, որ օգնություն է տրամադրում տարբեր աղետներից տուժած մարդկանց, Ադրբեջանը տեռորիստական է դարձրել ոչ միայն այն պատճառով, որ Վարդանյանին վերագրելու այլ հանցանքներ չեն գտել, «Ավրորա»-ն սկիզբ է առել ընդդեմ ցեղասպանությունների և ըստ իրավապաշտպանի՝ Բաքուն այստեղ Թուրքիայի հանդեպ բարեհաճություն է ցուցադրում:
«Հայ գերիների դատերում արդարադատություն սպասելը խելամիտ չէ, Բաքվի նպատակները միայն քաղաքական են»
Իրավաբան ու Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ Բաքվից ստացված այս մեղադրականը ևս մի ապացույց է այն բանի, որ ամենամեծ ջանքերը գործադրելով հանդերձ, ստացվել է դատարկ մի տեքստ և այդտեղ իմաստ փնտրելն, ըստ իրավաբանի, կնշանակի ադրբեջանական թակարդն ընկնել:
«Ռուբեն Վարդանյանի կարևորությունն Ադրբեջանի համար Ռուբեն Վարդանյանի կշիռն է, միջազգային անունն է, հեղինակությունն է: Փորձում են մաքսիմալ օգուտ ստանալ Ռուբեն Վարդանյանի ունեցած կշռից», - ընդգծեց Ներսիսյանը:
Ըստ նրա՝ Արցախի նախկին պետնախարարի գործը հենց այս նպատակով է առանձնացվել մյուս գերեվարվածների գործից: Վարդանյանինը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է և լավ առիթ է Բաքվի համար սակարկելու:
Ըստ իրավաբանի՝ հայ գերիների դատերում արդարադատություն սպասելը խելամիտ չէ, որովհետև Բաքվի նպատակները միայն քաղաքական են: Գուրգեն Ներսիսյանը նշում է՝ թեպետ այժմ միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումներ չկան, միևնույնն է՝ Ադրբեջանը փորձում է ջնջել Արցախյան գործընթացի էջը, ազատվել դրանից՝ դատարանում նաև Արցախի երեք նախագահներն են, նրանց հետ թեպետ միջնորդավորված, բայց Բաքուն էլ է բանակցել:
Իրավական ներկայացվող այս ամբողջ գործընթացի նպատակը հենց սա է, չի կասկածում Ներսիսյանը, վստահ է, որ հայ գերիների նկատմամբ այս կեղծ պրոցեսով ու ի վերջո դատական ակտով Ադրբեջանը փորձելու է նաև ապագայի համար փակել Արցախի հարցը: Դատավճիռներ թափահարի՝ թե նրանք հանցագործներ են, ինչ իրավունքների ու գոյության համար պայքար:
Իրավաբանը լավ մշակված պլան է համարում նաև հայկական ռևանշիզմի թեման, որ պարբերաբար արծարծում է Ադրբեջանը: Սա, ըստ Ներսիսյանի, Զանգեզուրի այսպես կոչված «միջանցք» ստանալու պատրաստությունն է, մեզ արտոնյալ պայմաններով գնալ գալ է պետք, թե չէ այդ հայերը կհարձակվեն:
Այսօր Բաքվի զինվորական դատարանում Արցախի ռազմաքաղական ղեկավարների ու մի քանի խաղաղ բնակիչների՝ 15 հոգու դատն էր, վաղը շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: Ի դեպ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շուրջ երկու ամիս է՝ բոլոր հայ գերիներին չի այցելել, միայն մի մասին:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ՝ Ադրբեջանը Ստրասբուրգի դատարան է դիմել, ցուցադրական ու շինծու նկարներ ու կեղծ ապացույցներ ներկայացրել հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ, նպատակն այն է եղել, որ միջազգային դատարանին համոզի, թե անհապաղ միջոցի վերացման ժամանակն է, վերահսկողության կարիք չկա, հայ գերիների իրավունքները երաշխավորված են: Օրեր առաջ Ստրասբուրգի դատարանը մերժել է Բաքվի այդ դիմումը: