Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ) 4,7 մլրդ դրամ է պահանջում այս տարվա սկզբին գործադուլի դուրս եկած և աշխատանքից ազատված 8 աշխատակիցներկից՝ հենց այսքան գնահատելով գործարանին պատճառած վնասը, որն, ըստ ընկերության, առաջացել է աշխատանքի չներկայանալու պատճառով։ Գործադուլի խորհրդի անդամ Վահե Մխիթարյանն ու բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից Շավարշ Մարգարյանը կարծում են, որ սա ուղղակի հաշվեհարդար է։
Շավարշ Մարգարյանը, որ տնտեսական գծով վարպետ էր աշխատում կոմբինատի քար ջարդելու արտադրամասում, հիշեցնում է՝ ինչու տարեսկզբին կոմբինատում աշխատանքը կանգ առավ։ Ակցիայի մասնակիցներն օրեր շարունակ Հայաստանի թիվ մեկ հարկատուից պահանջում էին աշխատավարձի արժանապատիվ բարձրացում, պայմանների բարելավում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։
Հսկա կոմբինատն ավելի քան 10 օր կանգնած էր։ Դեռ այդ օրերին կոմբինատից հայտնում էին, որ օրական 400 միլիոն դրամ են կորցնում, հետևաքնները կարող են լինել ոչ միայն տնտեսական, այն նաև անվտանգային, բնապահպանական։ Աշխատանքից զրկված Շավարշ Մարգարյանը թեև ընդունում է, որ կոմբինատը վնասներ է կրել, բայց և այնպես հարց է բարձրացնում՝ ում մեղքով. - «Վնասը պատճառվել է, բայց արդյոք մեղավորը մենք ենք, ոչ թե ղեկավարությունը»:
Կոմբինատի արդեն նախկին աշխատող Վահե Մխիթարյանն էլ ավելացնում է՝ ժամերով քննարկումները, բանակցությունները, որոնցից մեկին էլ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է մասնակցել, փաստացի ոչնչի մասին էին. - «Որքան էլ փորձեն ծածկադմփոց անել, մենք հասնելու ենք նրան, որ այն խնդիրները, որոնք իրենց հետևից բերելու են նաև հետևանքներ, դուրս գան ջրի երես»:
Կոմբինատի աշխատակիցները դատարան են դիմել՝ վերականգնելու աշխատանքը։ Նրանց իրավունքներն ու շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը երեկ ֆեյսբուքով տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալների գույքի վրա արդեն իսկ 4,7 մլրդ դրամի արգելանք է դրվել։ Ավելին՝ կոմբինատը նաև պահանջում է բռնագանձել 25 մլն դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, փաստաբանի խելամիտ վարձատրության համար էլ 2,5 մլն դրամ։ Աշխատանքից զրկված մարդիկ այս պահին նոր գործ չունեն հիմա, ասացին, որ պայքարելու են կոմբինատ վերադարձի համար։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»-ից օրվա ավարտին միայն կրկնեցին, որ ոչ միայն ընկերությունը, այլ նաև պետությունը, հարյուրավոր աշխատակիցներ, բազմաթիվ կապալառուներ վնասներ են կրել, իսկ իրենց նախկին աշխատակիցների գործողությունները որակեցին ապօրինի։
«Նման գործողությունները պետք է ունենան իրավական հետևանքներ և դրանց պատասխանատուներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելը կոչված է պաշտպանելու ընկերության հազարավոր աշխատակիցների և շահագրգիռ կողմերի շահերը։ Սա իրավական գործընթաց է, որի օրինաչափությունը պետք է որոշի դատարանը, ինչպես ցանկացած իրավական, ժողովրդավարական երկրում»:
Ի դեպ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին աշխատաիցներիցները՝ Շավարշը և Վահեն Սյունքիում վերջերս մասնակցել են վարչապետի տիկնոջ «Կրթությունը նորաձև է» արշավներցի մեկին։ Իրենց ձևակերպմամբ՝ ոչ կրթվելու նպատակով, հարց ունեին վարչապետին. տեղյա՞կ է արդյոք ինչ եզրակացության է հանգել աշխատանքի տեսչությունը կոմբինատում ուսումնասիրություններից հետո. - «Խոսափողական պատասխան. մենք վարչապետին ասել ենք, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ այստեղ կա և՛ կոռուպցիոն ռիսկ, և՛ վատ կառավարում»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-ի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց: 22 տոկոսի բաժնետերը Հայաստանի կառավարությունն է, գործադիրը գործադուլի ընթացքում կրավորական կեցվածք ուներ: