Մատչելիության հղումներ

Աուտիզմ ունեցող երեխաների թիվը աճում է, իսկ մասնագետները քիչ են


Աուտիզմ ունեցող երեխան խաղում է լեգոներով, արխիվ
Աուտիզմ ունեցող երեխան խաղում է լեգոներով, արխիվ

Աուտիզմ ունեցող երեխաների թիվը գնալով աճում է, ահազանգում են մասնագետները՝ միաժամանակ նշելով, որ համապատասխան նեղ մասնագետները քիչ են թե՛ դպրոցներում ու թե՛ մանկապարտեզներում։

Հայաստանում անցած տարի գրանցվել է հաշմանդամություն ունեցող ավելի քան 11 հազար երեխա, որոնց 35 տոկոսը Երևանում է, մյուս մասը՝ մարզերում։ Տղաների թիվը 2.5 անգամ գերազանցում է աղջիկներինը։

Վանաձորում գործող «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը, որ զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով, ուսումնասիրել ու եզրակացրել է, որ այս երեխաների մոտ 80 տոկոսն ունի հոգեխոսքային խանգարումներ:

Կազմակերպության փորձագետ Արփինե Սերոբյանն ասում է. - «Մոտ 80 տոկոսը երեխաների էդ խանգարումներով են գալիս, հոգեխոսքային խանգարումներ ունեցող երեխաներ են, ինչը աուտիզմն է»:

Անցած տարվանից կառավարությունը փոխել է ներառական կրթության կարգը, այժմ բոլոր կրթական հաստատություններն իրավունք և հնարավորություն ունեն իրենց դասապրոցեսներում ընդունելու հատուկ կարիք ունեցող երեխաներին։ Նորաստեղծ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններն աջակցում են դպրոցներին ու նախակրթարաններին, որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող երեխաներ։

«Լուսաստղ» հասարակական կազմակերպության ղեկավար Անի Գաբրիելյանը նշում է, որ իրենց հոգածության տակ գտնվող երեխաների մեծ մասը հենց աուտիզմ ունեցող տղաներ են, ընդ որում իրենց տվյալներով՝ քովիդի համավարակից հետո ավելացել է աուտիզմով ծնվողների թիվը։

«Մենք «Ադա» կենտրոնում այս պահին 70-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաների ենք սպասարկում, և նրանց հիմնական մասը տղաներ են ու մինչև 6-տարեկան երեխաներ։ Ու, գիտե՞ք ինչ ենք նկատել, բնականաբար, դա պաշտոնական տվյալներ չի, քովիդից հետո շատացել են նման խնդիրներով ծնվող երեխաները», - ասում է Գաբրիելյանը։

Միջազգային ուսումնասիրությունների համաձայն, համավարակի ազդեցությունն աուտիզմի դեպքերի աճի վրա դեռևս հստակեցված չէ, սակայն Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալներով 2020-23 թթ.-ներին աուտիզմի տարածվածության ցուցանիշը համաշխարհային մակարդակով աճել է մոտ 15 տոկոսով։

Վանաձորում թվերը նույնպես մտահոգիչ են: «Լուսաստղ» կազմակերպության հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղաքի 8 մանկապարտեզների 960 սաներից 43-ը հատուկ կարիքներ, մեծամասամբ՝ աուտիզմ ունեցող երեխաներ են, սակայն «Լուսատղ» ՀԿ ղեկավարը համոզված է, որ այս թիվը դեռ ամբողջական չէ. - «Դեռևս կան ծնողներ, որ երեխան, ասենք, 10, 12, արդեն 20 տարեկան է, բայց հասարակությունը չգիտի, որ էդ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող մարդ։ 21-րդ դարում ենք, բայց կան նման դեպքեր։ Գյուղական համայնքում լինի, թե քաղաքային, տարբերություն չունի: Փոխվել է մտածելակերպը մարդկանց մոտ, բայց շատ քիչ»:

Երեխաների կարիքները գնահատում են տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք տալիս են համապատասխան եզրակացություն, անկախ նրանից, թե ինչ բնույթի է երեխայի հաշմանդամությունը՝ ֆիզիկակա՞ն, թե՞ մտավոր, սակայն այստեղ հաճախ խնդիրներ են առաջանում։

Լոռու մարզպետարանի սոցիալական բաժնի մասնագետ Իրինա Մարտիրոսյանը նշում է, որ առաջնային գնահատումն իրականացվում է ծնողի, տարածքային կենտրոնի և դպրոցի կամ մանկապարտեզի մասնագետի համատեղությամբ։ Հենց այստեղ է, որ մասնագետները լուրջ խնդիրների են բախվում, ասում է նա։

«Ամեն մի ծնող չէ, որ ցանկանում է՝ իր երեխան անցնի մանկավարժահոգեբանական գնահատում, քանի որ մտածելով, որ դա մի պիտակ է, որ երեխային կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում: Իրենք ասում են՝ օրինակ, աղջիկ երեխայի դեպքում ինքը պիտի ամուսնանա, այդ պիտակը իրեն կխանգարի, և երեխային ոչ մեկը մոտ չի գա, երեխային ոչ մեկը հարս չի տանի: Բայց չէ, սա էդ պիտակը չի», նշում է մարզպետարանի մասնագետը։

Չնայած կառավարության փոփոխած կարգին՝ ծնողների շրջանում դեռևս առկա է այն խարանը, որի պատճառով շատ երեխաներ մնում են փակ դռների ետևում: Մասնագետներն ասում են՝ փորձում են իրազեկման արշավներ տանել հատուկ կարիքներ ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը փոխելու համար, բայց շատ դեպքերում դեռ արդյունքի չեն հասնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG